Հարկային եկամուտները երկու տարում 1 մլրդ դոլարով (505 մլրդ դրամով) ավելացնելու սուտը Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց Ազգային Ժողովում։ Նրա ելույթի միակ սուտը չէր սա, իհարկե։ Ստախոսության այս շքերթը ևս ուղղված էր մտածելու անընդունակ զանգվածին։ Թեև այդ զանգվածն ավելի ու ավելի փոքրաթիվ է դառնում, բայց շարունակում է վայելել իրենց «սիրելի վարչապետի» առանց բացառության բոլոր ստերը։ Ինչևէ։
«Ըստ էության, 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով: Այդ միջոցներից 199,1 մլրդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած նախկինում ունեցած պարտավորությունները», նշել է Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ էլ մնացած հարկային եկամուտները ավելացել են 306 մլրդ դրամով ։
Առաջին սուտ՝ 199,1 մլրդ դրամ տնտեսվարողներին հետ վերադարձված գումարն է։ Պետական եկամուտների կողմից հրապարակված պաշտոնական ցուցանիշներում նման գումար նշված չէ։ Վիճկոմն էլ անցած տարվա առաջին եռամսյակում «անցումային գերավճար» տողում նշել է օդից ընկած 136 մլրդ դրամ, այլ ոչ թե 199 մլրդ դրամ ցուցանիշը։ Ինչո՞ւ օդից ընկած, որովհետև որևէ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշում նման թիվ կամ այդ թվի հանրագումար արտացոլող ցուցանիշ չկա։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից տարեսկզբից պարբերաբար կրկնվող սուտն է։
Այսինքն, իրականում հարկային եկամուտների աճի ցուցանիշը մոտ 306 մլրդ դրամ է, այլ ոչ թե 505 մլրդ դրամը։ Ընդ որում, ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 1 տարի 8 ամիս կառավարման ժամկետը հիմք ընդունելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ 2018 թ․-ի մայիս և հունիս ամիսներին նրա կառավարությունը ձևավորվում էր, և հարկային եկամուտների աճը նախորդ ամիսների բարձր տնտեսական աճի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունք էր։
Երկրորդ սուտը՝ բյուջեի հարկային եկամուտների 43,6 տոկոսով աճը։ Այս ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը մեջբերում է դարձյալ դրա մեջ ներառելով գոյություն չունեցող 199 մլրդ դրամը։ Մինչդեռ իրականում, 2018-2019 թվականներին պետական բյուջեի եկամուտները ավելացել են ոչ թե 43,6 տոկոսով, այլ մոտ 25 տոկոսով։ Խոսքը 2017 թ․-ի պետական բյուջեի հարկային եկամուտների նկատմամբ 2019 թ․-ի հարկային եկամուտների տարբերության մասին է։ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ ինքը խոստացել է երկու տարում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 30-35 տոկոսով։ Ինչպես տեսնում ենք, խոստումը ոչ միայն չի գերակատարվել, ինչպես փորձում է ներկայացնել նա, այլևս չի կատարվել։
Ի դեպ, վիճկոմի հրապարակած 2020 թ․-ի առաջին եռամսյակի ցուցանիշներում ևս փաստվում է Նիկոլ Փաշինյանի բերած թվերի կեղծիք լինելը։
Բանն այն է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա նույն երեք ամիսների համեմատ բոլոր հարկատեսակներով՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, շահութահարկ, եկամտային հարկ եւ այլն, մուտքերի նվազում ենք ունեցել, բայց դրանց բոլորի գումարային ցուցանիշը ․․․ գերազանցել է 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի հարկերի գումարային ցուցանիշին մոտ 50 մլրդ դրամով։ Բանն այն է, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտների աճ ցույց տալու համար էլ առաջ էր քաշվել վերոնշյալ 136 մլրդ դրամի անցումային գերավճարը, որը Նիկոլ Փաշինյանի աչքին մշտապես 199 մլրդ դրամ է թվում։ Հիմա էլ կարելի է հակառակն անել՝ անցյալ տարվա 136 մլրդ դրամը չհիշատակել եւ ասել, որ այս տարի հարկային եկամուտների աճ ունենք։ Երբ ինչպես հարմար է։
Մի խոսքով, հարկային եկամուտների խառնաշփոթ առաջացնելու նպատակը առավել քան պարզ է՝ մշտական հնարավորություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար թվային մանիպուլյացիաների եւ ակհայտ կեղծ տեղեկություններ հայտնելու համար։ Ինչին հերթական անգամ ականատես եղանք Ազգային Ժողովում ունեցած նրա ելույթում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը